Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» խիստ պատասխանատու և հնչեղ անվանում ունեցող կուսակցությունը 2007թ. մուտք գործելով Ազգային ժողով, քաղաքական կյանքը լցրեց աղմուկով ու սկանդալներով, որոնք շարունակվում են առ այսօր: Եվ եթե 2007-2012թ.թ. ԱԺ-ում «Ժառանգության» յոթ հոգանոց խմբակցությունը զբաղվում էր հիմնականում իրավապաշտպան գործունեությամբ՝ այցելելով ազատազրկման վայրեր, սատարելով քաղբանտարկյալներին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բարձրաձայնելով նրանց՝ ազատ արձակման հարցը և այլն, ապա մեկ տարի առաջ բոլորովին այլ կազմով խորհրդարան մուտք գործած «Ժառանգության» նպատակները մնում են անհասկանալի:
Մեկ տարի առաջ «Ժառանգությունը» խորհրդարան մտավ որպես հինգ հոգանոց խմբակցություն, որից այսօր միայն խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն է իրապես «ժառանգական»: Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը ներկայացնում էին «Ազատ դեմոկրատները», Թևան Պողոսյանը հայտնի է որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ և մինչ օրս աչքի չի ընկել քաղաքական որևէ դիրքորոշում հայտնելով, Ռուբեն Հակոբյանն էլ մինչև «Ժառանգություն>-ում հանգրվանելը իր գիտակցական կյանքի ընթացքում հասցրել է մի քանի կուսակցություն փոխել: Ալեքսանդր Արզումանյանն, իհարկե, ապահարզան տվեց նաև «Ազատ դեմոկրատներ»-ին և այսօր նա զբաղված է «Հայոց Համազգային Շարժում> կուսակցությանը նորովի քաղաքական թատերաբեմ բերելով:
Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին կազինոներում գումարներ տանուլ տալու մասին հարցից հետո ակնհայտ է, որ «Ժառանգություն» -ում լուսաբացներն ամենևին էլ խաղաղ չեն, չնայած արտաքուստ կուսակցության անդամները փորձում էին դա ցույց չտալ:
Եվ հիմա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրաժարական է տվել իր պաշտոնից: Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում դա պատճառաբանել է նրա ծանրաբեռնվածությամբ՝ չմանրամասնելով, թե որտեղից ծագեց այդ հանկարծահաս ծանրաբեռնվածությունը:
Կարելի էր այսքան չանդրադառնալ այս կուսակցությանը, եթե նա ամեն անգամ չհայտնվեր սկանդալների կիզակետում, իսկ նրա ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ տարեսկզբին ՀՀ նախագահի թեկնածու չգրանցվեր և պաշտոնական տվյալներով՝ չզբաղեցներ երկրորդ տեղը, հետո էլ չվիճարկեր ընտրությունների արդյունքները: Կարելի էր չանդրադառնալ, եթե նա ԱԺ-ում ապօրինությունների, կեղծիքների դեմ պայքարելուն զուգահեռ՝ չզբաղվեր նաև ընտրողների աչքին «թոզ փչելով», թե իրենց կուսակցության ներսում ամեն ինչ ընթանում է բնական հունով, ներկուսակցական ժողովրդավարություն է և այլն: Կարելի էր անտեսել հերթական հրաժարականը, եթե այս կուսակցությունում հրաժարականները չդասվեին այդքան հաճախադեպ և չպատճառաբանված երևույթների շարքում:
Բայց դե «ժառանգությունը» մյուս կուսակցություններից տարբերվում է հենց նրանով, որ թույլ չի տալիս իրեն մոռանալ:
Եվ հիշեցնում է... հերթական հրաժարականով:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ